Երևանցին հանձնեց Երևանը․․․ Հարթակ ամսագիր

 

img_157304

 

 

 

 

Մանկավարժի ու այգեպանի մասնագիտությունները շատ են նման։ Տարիներ առաջ ուսումնական մասնաշենք կառուցելու անհրաժեշտությունը թելադրեց երկու հրաշք ծառ կտրել՝ թթենի ու ընկուզենի։ Այսօր ես դա չէի անի։

Ծառ է պետք տնկել՝ աջ ու ձախ և շատ։ Այգիներ հիմնել։ Ուշադիր նայեք, ասֆալտն ու շենքը նվաճել են նորանոր կենսական տարածքներ, «քարն ու քռը» շատացել են։ Անջուր ու անհող Հայաստան երկրում նայեք մեր ջրելու և հողօգտագործման կուլտուրային։ Անծառ, անփայտ մեր հանրապետությունում նայեք թղթի օգտագործման կուլտուրային։ Բարբարոսներ ենք այս քաղաքակիրթ աշխարհում։ Հարավարևմտյան զանգվածի /այստեղ է գտնվում իմ կրթօջախը/ անհեթեթ շենքերը չես փոխի։ Բայց մեղմել այդ վնասակար շենքակույտի ազդեցությունը՝ հնարավոր է։ Խելամիտ թաղել այդ շենքերը կանաչի ու ծաղկի մեջէ անհրաժեշտ է։ Ես մտմտում եմ մի այդպիսի ծրագիր, որ կուզենայինք անեինք իմ աշակերտների ու ծնողների հետ։

 

Հրաշքի սպասումը չի լքում մարդկանց։ Որքա՜ն պարապի մատնող սպասում կա։ Հիմա էլ նոր ձևով ընտրված դեպուտատների, ամենակարող կոմիտեականների։ Նոր  փրկիչնե՞ր։

Ամենքն իր գործին։ Ես ձեզ կոչ եմ անում անընդհատ, համեստ ու բարի աշխատանքի։ Ահա հացը մեր հանապազօրյա՝ աննկուն ու «սև» աշխատանքի։

Աշոտ Բլեյան

1989թ․ «Ավանգարդ»

 

Այս տեքստը մեջ եմ բերում Ձեր «Ապագա ունենալու համար նախ ապրել է պետք» ժողովածուի «Խոսքն՝ արարք» հոդվածից, որը տպագրվել է 1989թ-ին Ավանգարդ թերթում։

Ավելի քան 31 տարի Ձեր հայացքը, միտքը, քաղաքի, երկրի ցավը, Ձեր գործն ու ջանքերը անընդհատ շենացնելուն են ուղղված եղել։ Անգամ ընթերցելուց տպավորություն է, որ Դուք ափսոսում եք Ձեր ժամանակը այդ հարցազրույցի ընթացքում և վայրկյան առաջ ուզում եք ընդհատել այն․․․Տարիների հեռվից ու այսօր․․․

Այո, որովհետև դու իշխանություն ես, որովհետև գերագույն խորհրդի պատգամավոր ես, որովհետև  հետո դու պիտի լինես «Այո»-ի անկախության հանրաքվեի նախաձեռնողներից․․․էդ իմ գիտակից կյանքի ամենավառ, անանց, խորը շրջանն է, երբ որ չորս ուղղությամբ աշխարհի, Հայաստանի՝ Հյուսիս, Հարավ, Արևելք, Արևմուտք, Հայոց համազգային շարժման վարչության, իսկ ես վարչության անդամ էի, չէ՞, գնացին այդ ուղղություններով ավտոշարասյուներ, պարող , երգող խմբեր, տոնախմբություններ․․․ես ղեկավարում էի Արտաշատ, Վայք, Եղեգնաձոր, Գորիս, Սիսիան, Կապան, Մեղրի ուղղությունը, թևը․․․․երբեք չեմ մոռանա․․․էդ ուրախությունը, ցնծությունը, էդ աչքալուսանքը, Էդ ելույթները հանպատրաստից, ամբիոնները, բարձրախոսները․․․«այո»-ն․․․․Մանավանդ, որ ես ոգևորված էի, տեքստերը գալիս էին․ 《Այո》 էին ասում  սարերը, 《այո》 էին ասում ձորերը, 《այո》 էին ասում մեր գործերը․․․/ժպտում է/․․․ինչքան գործ կա անելու, ծով գործ, և եկել է ժամանակը գործելու։ Էդպիսի հայացք կար այդ քառ ու քռին, ինչպես այսօր, և հասկանում ես, որ չարված գործը տարբեր պատճառներով է, որ չի արվել, կիսատ է մնացել, բայց դու տեսնում ես, որ նույն այդ քար ու քռը չի պակասում, հակառակը՝ ավելանում է,  դրան արդեն գումարվում է շենքերի մաշվածությունը, էլի ուրիշ բաներ, ինչ էլ որ արվում է՝ քո սրտով չէ, կամ վատ է արվում․․․․էդպես ամեն օր ավելի․․․․

Վերջին շրջանում շատ եմ անդրադառնում հին Երևանին, լուսանկարներ հրապարակում․․․․ախր հասկանում ես, որ մի վարդագույն, յուրահատուկ քաղաք կար իր կենտրոնով։ Երբ հետո այս արվարձանները կառուցվեցին, համ դա Երևանի յուրահատկությանը ոչինչ չավելացրեց և գումարած, որ սկսվեց էդ անփույթ  վերաբերմունքը հին Երևանի հանդեպ ու էդ Երևանը ձեռքիցդ գնաց, փախավ։

 

Դուզ զգու՞մ էիք, որ փախնում է քաղաքը, Երևանը․․․։

 

Այո։ Էդ ամենաշատը 2001թ –ին։ Ես օպերան անձեռնմխելի էի թողել․ Թումանյան փողոցի շարունակությամբ, դարբնի   հայտնի ցանկապատի մեջ, որ արվեստի գործ էր, որը օղակել էր օպերայի հրապարակը։

Իմ երկուսուկես տարվա բացակայությունից հետո, երբ որ ես դուրս եկա բանտից, Հյուսիսային պողոտայի սկզբում, անկյունում մեկ էլ տեսա տեխնիկա է կանգնած՝ էքսկավատոր։ Ճաղավանդակից էս կողմ մի մեծ փոս է փորված, սկզբում մինչ մոտենալս ինձ թվաց, որ վթար է տեղի ունեցել, սակայն․․․․/հուզվում է/ ես չհասկացա, ո՞նց կարող է էսպիսի բան լինել, ո՞նց կարող է մարդու մտքով անցնի, որ ճաղերից այս կողմ պուրակը, մեծ, տպավորիչ պուրակը, որ ամբողջ մի պատանեկություն, հասուն շրջան  ուղեկցել է երևանցուն, ինձ, մեկ ուրիշին․․․մեկ էլ տեխնիկա է մտել․․․․/հուզվում է/։ Ես ցավ ապրեցի, մարդիկ տեսնում էին իմ շփոթված վիճակը, գիտեին, որ ես դուրս էի եկել բերդից, հարգված, ընդունելի, երբ մոտեցա շինարարներին, չեմ մոռանա, շինարարության պատասխանատուն հարգանքով մոտեցավ ինձ, բայց ես կորցրել էի ինքնատիրապետումս, չէի հասկանում էս ինչ են անում, էս ինչ վայրենություն է, ախր, ո՞նց եք քանդում օպերայի պուրակը ․․․․իսկ այդ մարդը հանգստացնելով ինձ ասեց, որ՝ պարոն Բլեյան, ամեն ինչ օրինական է, օրինական, այսինքն՝ փաստաթղթերով, 2001թ էր։ Ես կասկածեցի, բայց այդ մարդը ցույց տվեց Կենտրոնի թաղապետի, էն ժամանակ համայնքներ էին վարչական շրջանները, 1995-2005-ը սահմանադրությամբ Երևանը ուներ 12 համայնք, 2005-ից դարձավ վարչական շրջան… Ես տեսա Կենտրոնի թաղապետի ստորագրությամբ շինարարական թույլտվությունը, իսկ թաղապետը Արարատ Զուրաբյանն էր՝ Հայոց համազգային շարժման վարչության նախագահը։ Թվում էր, թե Արարատ Զուրաբյանը ինքը պիտի դառնար պաշտպանը Երևանի, այնինչ պարզվեց, որ ինքն է դարձել շինարարության, ավերումի թույլատրողը։

Ինձ համար դա մեծ, մեծ ողբերգություն էր․․․այդ ժամանակ հայտնի չէր, որ Հյուսիսային պողոտան շատ մոտ ապագայում առաջանալու էր, բայց օպերայում արդեն սկսվեց։ Դրան հետո հաջորդեց տրամվայը․․․

Քոչարյան Ռոբերտի շրջանն էր, ես չգիտեմ նրա հայացքը, առիթ էլ չի եղել ճանաչելու, բայց ես չէի հասկանում էստեղ, Երևանում ծնված, մեծացած սերնդին՝ երևանցիներին․․․․չեմ ուզում հակադրել, սակայն երևանցին, որ թափառել է, սիրել է, էդ իր Երևանն է, ախր էնքան հեշտ հանձնվեցին, ու Երևանն էլ հանձնեցին․․․շատ արագ, անսպասելի արագությամբ Երևանը հանձնեցին ․․․․ոչ նորմալ դիմադրություն եղավ, ոչ հանրային կարծիք․․․

Ես էդ դավաճանությունը չեմ մոռանա քաղաքին, ինձ թվում է ծննդավայրի նկատմամբ էդ գուրգուրանքը, պատասխանատվությունը քոնն է, դու կրում ես անհատական պատասխանատվություն։ Իրար հետևից Արամ, Բուզանդ, եթե փորձես հիմա բերել ժամանակագրության, ուզենաս վերականգնել․․․ախր, նորմալ ժամանակագրություն էլ չի լինի։ Հակառակ դեպքում ո՞նց կարող էր էդպես, մեկ հարվածով սկսեր էդ ավերումը, ավելի ուշ՝ Ֆիրդուսը, ճիշտ է, ինքը իր ներսից սկսվել էր քանդվել, սակայն, որ վերածել լիկվիդացման մի ծրագրի, ինչպես Կոնդը, կողքերից սկսել ավերումը․․․էդ սպասելի չէր։

Օրինակ էդպիսի կայացած կառույց, ինչպիսին ինժեներական առումով Երևանի մետրոն էր, տրամվայը, էդ սխեման, գիծը , որ էդքան կայացած էր , քաղաքը կարող էր հպարտանալ, որ ինքը էդպես ձևավորված տրանսպորտ ունի՝ հանած արվարձանները․․․ Պլանի գլխով, Կոմիտասով, լրիվ ձևավորված տրամվայի գիծ ուներ ․․․․ոչ մի դիմադրություն չեղավ, բացարձակ, կարծես հաշտվել էին, նախապատրաստվել էին , ընդ որում դժվար շրջանը անցել էր, 95-96-ը չէր,երբ որ լույսի, էլեկտրասնուցման ընդհատումները բերել էին նրան, որ տրամվայը հուսալի տրանսպորտ չէր, բայց դա վաղուց անցել էր՝ 97․ 98, 99 չէր՝ 2004 թ. էր․․․․և թվում էր, թե էնքան հեշտ է վագոնները փոխել, նոր վագոններ բերել, գծերը լավացնել, էլ չեմ ասում նոր կառուցվող արվարձաններին՝ Լուս Աստղից մինչև Բանգլադեշ, Րաֆֆի փողոցով կենտրոնով տրամվայի գծերն անցնեին, էլ չեմ ասում Բաբաջանյանով պտտվեր, մտներ Իսակով, ապա 3-րդ մաս՝ Գարեգին Նժդեհի հրապարակ․․․․ախր ոչ մի դժվար բան չկար, թվում էր, թե դրա մասին պիտի մտածվեր, բայց արի տես, մեր աչքի առաջ , մեր թողտվությամբ, չեմ ուզում ոչ ոքին արդարացնել, իշխանությունը իշխանություն է՝ որպես թիվ մեկ պատասխանատու, բայց հասարակություն կոչվածը, երևանցիներ կոչվածը ո՞ւր էին, ի՞նչ էր եղել մեզ հետ ․․․․օրինակ ես ինձ երբեք չեմ ների , միշտ ինձ հետ կլինի էդ դավաճանությունը, կորուստը ․․․․

 

Կարո՞ղ ենք ասել Երևանի կորուստ, անընդհատ պակասող, փախչող քաղաք, քաղաքային տրանսպորտի կորուստ, քայլող, զբոսնող երևանցին չկա՞ր, միջավայր չկա՞ր…

Հիմա էլի ասում են քայլում են մարդիկ,  բայց ես, որ ուզում եմ քաղաքում իմ քայլքը վերականգնել, հատկապես, որ մտածում էի Դավիթ Բլեյանը ինձ կօգնի էդ հարցում, անընդհատ զգում եմ, որ էնքան փոքր է Երևանի կենտրոնը, էնքան խիտ է մարդկային հոսքը , որ արդեն թափառում էլ չկա, քայլք էլ չկա, հետաքրքիր անկյուններ, ներքին բակերը, ինչը ես շատ սիրում եմ, առանց որի, ըստ իս, քաղաք չկա, բայց հիմա ո՞նց քայլես, որտե՞ղ քայլես, հազիվ լարվելով էնպես ես անում, որ դիմացինից խուսափես, մի կերպ անցնես, դա չես համարի քայլք-զբոսանք, իսկ Հյուսիսային պողոտան արհեստական ծնունդ էր, որ մեզ պարտադրվեց, էլի մեքենաներ են, խիտ ․․․դե քայլի, ո՞նց քայլես, էլի միակ փրկությունն է դառնում մեքենան, որ նստես ու փախնես․․․․Դավիթ Բլեյանի համար ուրիշ է, ինքը այլ Երևանում է ծնվել, ինչպես ասում է. 《Ես Երևանից չեմ գնա, քանի որ էստեղ Մեգամոլ կա》։ Իր կապը Մեգամոլի հետ է։ Մեգամոլ, որ ինձ վանում է, էդ ինձ համար Երևան չի, հակաերևան է։ Կարող է իմ հայացքը հետադիմական է, բայց ի՞նչ Երևան, որտեղ չես քայլի, չես թափառի։ Ես պուրակների, ծառերի սիրահար եմ։ Օրինակ թաղերում ծվարած մի քանի եկեղեցի ունենք, մի քանի քիչ թե շատ պահպանված պուրակով, պատկերացրեք երաժշտություն, զանգեր, աղոթք․․․Իր համայնքով, չէ՞ որ եկեղեցին էլ իր համայնքն ունի։ Ախր պատկերացրեք եկեղեցամերձ էդ պուրակները, ծառերը, պատկերացրեք, որ ցուցանակներով արձանագրված լինեին, թե ովքեր են էդտեղ նստել, ի՞նչ զրույցներ են ընթացել, ասում և փշաքաղվում եմ, ախր հայացքի, վերաբերմունքի, խնամքի հարց է․․․

Հանրային տրանսպորտի կորուստը շատ լուրջ խնդիր էր, որովհետև մենք կորցրեցինք կապը, քայլքը երևանյան, պարզապես ոտքով անցնելը , վստահելը հանրային տրանսպորտին, որ հեսա ձայնը կլսես, մի երկու կանգառ ոտքով կբարձրանաս, կամ էլ ոտքով կանցնես ․․․․մի կողմից կորցրեցիր հանրային տրանսպորտը, եկավ դրան փոխարինելու տաքսին , մարդատար ավտոմեքենան և էդ քայլող երևանցին, որ էդպիսի մշակույթ ուներ․․․․․

Փոխանակ մենք զբաղված լինեինք քար ու քռով Երևանամերձ, մարդիկ կարողանային բարեկարգել , կանաչի մեջ կորցնեին, Երևանը կենտրոնից տեղափոխվեր արվարձան, մարդիկ ուզենային ապրել։ Էն պայքարը, որը ընթանում էր ամառանոցներ ունենալու համար, ենթադրում էր, որ Երևանը պետք է դառնար փոքր քաղաքների մի փունջ։ Հին Երևանը իր կենտրոնով մնար, իսկ արվարձաններում առաջանային փոքր քաղաքները՝ Դավթաշենը, Ավանը, նոր անուններ ․․․բայց էնքան արագ եղավ ավերումը, հակառակը կատարվեց։ 

Երևանից Էջմիածին, Երևանից Աբովյան, Աշտարակ ոչ մի գրավչություն, ոչ մի լուծում։ Ինքը էնքան հետաքրքիր պետք է լիներ, մի հատ նխշուն կենտրոն և  էդպես կանաչի մեջ կորած բնակավայրեր, բայց էդպես չեղավ։ Տե՛ս Բանգալդեշը, մի հատ կոնգլոմերատ, ինչ էլ ուզում ես ներսում արա՝ կրթական պարտեզ, բան, մի քիչ արհեստական ջանքեր են ստացվում։

Ավերի սարսափը իրա շարունակականության մեջ ա, դու չես տեսնում, թե էդ ավերի դեմը ոնց են առնելու, ոնց պետք է առնել։ Դե հիմա տեսնում ես, որ ինչ որ բան ավերվել է, ինքը կորսուստ է, բայց ինքը չի կանգնում․․․․վերքեր են, չէ՞, չի ապաքինվում, վերք, որ չի խնամվում․․․․հիմա մեր այգիները, պուրակները, եկեղեցամերձ տարածքները․․․բայց կարող ենք ասել՝ դա է Երևանը ու վերջ, իր հավատացյալով, բնակչով, մարդով , համայնքը, որ եկեղեցու շուրջ ապրում է, եթե միջավայրաստեղծ չի, եթե կտրված է, ուրեմն վերջ․․․Մենք խոսում էինք սեբաստացիական համայնքի մասին, չէ՞, մարտի 28-ի հավաքի մասին, տես էս օրերին, էս վիրուսի շրջանում հակավիրուսը եղավ։ Չէ՞ որ վիրուսը քանդում է, անորոշություն է բերում , ո՞րն էր հակավիրուսը, ուսումնական պարապմունքների շարունակումը՝ առցանց, նախագծերը,  ուսումնական, ծիսական, երաժշտական խաղերը, հետաքրքիր առաջադրանքները, ընտանեկան անգամ։  Անընդհատ կլինի էդ վիրուսը, տեսեք, ես մի փոքր կրթական օրինակով բերեցի, բայց տեսեք էստեղ կա վիրուս և կա նաև հակավիրուս, դարմանը կա։ ՄԵՆք միշտ հակավիրուս ենք մեր օրինակով․ հակավիրուս Կոմիտաս, հակավիրուս ավանդույթ, հակավիրուս ծես, հակավիրուս համերաշխություն, հակավիրուս ստեղծականություն, կրթական համայնք։ Էդպես պետք է լինի նաև բնակիչը իր անհատական պատասխանատվությամբ ․․․Ես, օրինակ, էդպես եմ, ես դրա կրողն եմ, եթե դա ցնդի, ես եմ դատարկվում, ես ո՞նց կարող եմ դրան նորմալ նայել․․․․

Հուզվեցի․․․հուզվեց տիարը․․․Ես էլ եմ, չէ՞, երևանցի, ինձ մերկ գովեստով չես վերցնի, հաստատ դրա կրողը կա։ Ախր էդ պետք է լիներ օրակարգում  և դա պետք է լիներ հանրաքվեի, դա կկենդանացներ, և պետք է մարդը  սրան դառնար մասնակից։ Եթե մարդը դառնար մասնակից իր կյանքի փոփոխություններին, բերեին դրան, ոչ թե շարունակեր մերժել, ծույլ, անհեթեթ մի աշխատանք։ Ինքը իր ներսում չի փոխվում, ներքին աշխատանքը ոգու չկա, բայց ինքը հերոս է, ինքը աղմկում է, ինքը կենտրոնում է, երկու տարի մերժում է, բայց իրենից դուրս, որովհետև ամբողջ կյանքում ես մերժում, բայց դա աշխատանք է ներսում, քո հետ աշխատանք է, դա հաստատուն կլիներ։

Թե չէ ավերը կշարունակվի, և դա կլինի խայտառակություն։ 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s