Հարթակում ուսուցիչն է․ Հասմիկ Թոփչյան

32588123_1955560231134403_7152586995703742464_n

Ողջույն: Ես Հասմիկ Թոփչյանն եմ: Աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, Միջին դպրոցում հայոց լեզու և գրականություն եմ դասավանդում։
Դասավանդել բառը մի քիչ տեղին չեմ համարում, դաս չեմ ավանդում. այն մանկավարժությունը, որը իրականացնում եմ շնորհիվ հեղինակային կրթության, որը որդեգրել է մեր կրթահամալիրը, ես ավելի շատ մեր սովորողների մեջ  փորձում եմ արթնացնել, զարգացնել այն հմտությունները, որոնք կօգնեն նրանց կառուցելու իրենց սեփական, հեղինակային կյանքը, իհարկե՝ զուգահեռ նաև իրենցից սովորելով։

Կրթահամալիրը, բլոգային աշխատանքը, բլոգային ուսուցումը մեծ հնարավորություն է տալիս հասկանալու, թե ով ինչ է սիրում, ինչ է երազում, ինչքան հնարավորություն ունի դրան հասնելու և ինչքանով է ինքը իր կյանքի հեղինակը դառնում։ Այս առումով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը համարում եմ այն պարարտ հողը, որտեղ սովորողը դեռ փոքրուց հստակ հասկանում է, որ իր կյանքը կերտողը, իր կյանքի հեղինակն ինքն է։
Հեղինակային մանկավարժության այս անցումը առցանց ռեժիմին, կարծում եմ, որ ոչ մի բան չի փոխում մեր աշխատանքային ոճի մեջ, որովհետև անհատական ուսուցումը մնում է  անհատական թե՛ ֆիզիկական միջավայրում, թե՛ օնլայն հարթակում։ Հղում  անելով կրթահամալիրի փոխտնօրենին՝ Գևորգ Հակոբյանին՝ վերջին նիստերից մեկում նա էսպես մեկնաբանեց մեր հեղինակային դպրոցի դասավանդողների աշխատանքը, ես քաղվածքն եմ ընթերցել, որը տեղադրված է Դպիրում. կարող եք կարդալ․«…Մեր աշխատանքը ըստ էության չի փոխվում ո՛չ բովանդակության, ո՛չ մեթոդների առումով, որովհետև ֆիզիկական միջավայրում էլ, եթե 25 հոգին նստած է դասարանում, մեկ է, դու յուրաքանչյուրի հետ աշխատում ես առանձին»։ Համացանցը, նոթբուքը տալիս են այդ հնարավորությունները, որ մի սովորողը կախված չլինի մյուս սովորողից, մեկի առաջադրանք անել-չանելը կախված չլինի մյուսի անել -չանելուց։ Ավելին ասեմ, ուսուցչի կամքից կախված չլինի սովորողի անելիքը, աշխատանքը։ Ինքը նախագծում է իր աշխատանքը, ինքը սկսում է անել, ընթացքում, եթե ուսուցիչը գտնում է ոգևորող կետեր, ապա սեղմում է կոճակները ոգևորության, որ սովորողին թև տա,մնացածը սովորողն ինքն է անում։Եվ սա ամենակարևոր սերմն է, որ կրթահամալիրը գցում է սովորողի մեջ, որ սովորողը սկսում է գիտակցել, որ ինքը դառնալու է մի քաղաքացի, որի կյանքի հեղինակը պետք է լինի հենց ինքը։ Ինքը չպետք է սպասի, որ իրեն ինչ-որ բան հանձնարարեն, որ ինքը անի։ Ինքն է որոշում՝ ինչն է իրեն դուր գալիս, ինքն է որոշում՝ ինչպես անել դա, ինչ ժամանակահատվածում անել, արդյունքում ինչ ստանալ և ներկայացնել ուսուցչին։
Էստեղ, որպես ուսուցիչ, ես կարող եմ լինել ոգևորիչը, խթանիչը, փորձել օգնելու սովորողին գտնել իր բնագավառը, բայց ինչ-որ բան ավանդել, այն էլ ՝ դաս, ես կարծում եմ՝ այդքան էլ տեղին չէ ասված, իմ դեպքում ես ինձ չեմ համարում դասավանդող։
Ինչ վերաբերում է առցանց կամ ֆիզիկական միջավայրում կազմակերպվող դասապրոցեսին, ուզում եմ ասել, մեջբերելով Գևորգ Հակոբյանին՝  էլի պիտի համաձայնել, որ մեր աշխատանքային ոճը չի փոխվել, մեթոդները՝ ևս, բայց գործիքներ՝ այո։ Մեզ համար սա նորություն չէր, ոչ էլ զրո կետից սկսված ճանապարհ։Մենք դասարանում էլ էդպես էինք աշխատել անհատական բլոգներով, հիմա էլ առցանց ռեժիմում շարունակում ենք նույն կերպ։Անգամ էդ կտրուկ փոփոխությունները, որ մի գիշերվա մեջ արվեցին, երբ մի գիշերվա մեջ որոշվեց, որ անցնում ենք առցանց ռեժիմի, անգամ այդ պարագայում ոչինչ չփոխվեց, խուճապի չմատնվեցինք, մեզ չկոցրեցինք։ Որովհետև ինչ հիշում եմ կրթահամալիրային կյանքը, անգամ, երբ սան էի, սովորող, անընդհատ էդպիսի հանկարծակի նախագծեր, հանկարծակի ուղղության փոփոխություն անընդհատ է եղել։ Այն ժամանակ ես համարվում էի «Ծիր կաթին» թերթի լրագրող, կրթահամալիրը այդպիսի թերթ ուներ, որ հրատարակվում էր, լույս էր տեսնում, անընդհատ այդ շրջանում տարբեր հայտնի, կարևոր հյուրեր, կարևոր դեմքեր  մշակույթի, քաղաքականության բնագավառներից գալիս գնում էին, անընդհատ ինչ-որ նախագծեր էինք իրականացվում ոչ մեդիահարթակում, այլ ֆիզիկական միջավայրում, ցուցահանդեսների, ներկայացումների, միջոցառումների, հետաքրքիր հանդիպումների տեսքով։ Մենք՝  որպես լրագրող,  գործուղվում էինք տարբեր իրադարձություններ լուսաբանելու։ Մենք պարտավոր էինք  և պետք է շատ արագ կողմնորոշվեինք, թե ինչն ենք առանձնացնում, ինչն ենք վերցնում լուսաբանելու, հրապարակելու համար։ Էնպես որ, այս ռեժիմին ես սովոր եմ շատ վաղուց։
Հաջորդ կետը, որ կուզեմ խոսել, դա ընտանիքի ներառումն է կրթահամալիրային գործունեությանը, էս դեպքում մի բան է ավելացել առցանց կրթության ժամանակ՝ ընտանիքի գործոնը՝ և՛ դրական և՛ բացասական առումով։
Երկու դիտարկում կարող եմ անել. դրական դիտարկումներիցս մեկն այն է, որ այն սովորողները, ովքեր ֆիզիկական միջավայրում դժվար էին նստում, կենտրոնանում  դասապրոցեսին, պարզվում է, որ տանից շատ էլ լավ աշխատում են։ Եվ սկսում ես բացահայտումներ անել սովորողների մեջ՝ այս սովորողը էս հմտությունն ունի, այս սովորողը էս նախասիրություն ունի, կարծես թե տանը,ընտանեկան միջավայրում ավելի անկաշկանդ է, ավելի լավ է զգում, գուցե մայրիկի օգնությունը իրեն թևեր է տալիս և բացվում է, ավելի ինքնավստահ է լինում, ուսուցչին միգուցե չի վստահում, դրա համար  չի բացվում, իսկ տանից առաջադրանքները թեև նմանատիպ են, նմանօրինակ են առաջադրանքները թե՛ ֆիզիկական միջավայրում տրված և թե՛ առցանց, բայց արի ու տես, որ սովորողը լավ էլ կատարում է։ Էս առումով շատ դրական եմ գնահատում։ Երկրորդ դրական դիտարկումը, որ արել եմ առցանց ուսուցման ժամանակ, ընտանիքի ներառումն է սովորողի ուսումնական գործունեությանը: Երբ  օգնում են սովորողին, օգնության են գալիս , երբ ուղղություն են տալիս, տեսանյութերում շատ հաճախ դա երևում է, թե ինչպես են միջամտում, կողքից աջակցում, իրենք էլ ներառվում գործունեության մեջ՝ աշխատանքը դարձնելով ընտանեկան։ Եվ դա շատ մտերմիկ, ջերմ էներգիա է փոխանցում տեսանյութերից: Որպես դրական՝ դա կարող եմ համարել։
Բացասականը պետք է էլի այս առումով նայեմ՝ ընտանիքի ոչ ներգրավվածությունը, այսինքն՝ ընտանիք, որ դեռ սովորո չէ, որ պետք է իր երեխային աջակցի, իր երեխայի հետ զուգահեռ քայլի, իր երեխայի հետ քննարկի, միասին որոշեն իրենց անելիքը, ինչպես ներկայացնել այդ արվածը, ինչպես բերել ընդհանուր մի ներկայանալի տեսքի  և ցույց տալ։ Շատ ընտանիքներ միայն նոր-նոր սկսում են հասկանալ, որ միայն դպրոցի վրա թողնել չի կարելի երեխայի կրթությունը. դա այդքան էլ ճիշտ բան չէ։ Մի որոշ մաս կա, որ մնում է այդ կարծիքին, որ դա դպրոցի գործն է և համառորեն շարունակում է  չմիջամտել, բայց կան ընտանքիներ էլ, որ ծիլերը տեսնում ես, էսպես փոքրիկ-փոքրիկ մանրուքներով սկսում են միջամտել ու արդեն հաջորդ աշխաատանքում տեսնում ես՝  ավելի ներգրավված են։ Դա էլ՝ որպես հետաքրքիր դիտարկում, արձանագրում եմ։
Ընտանիք-սովորող կապի հետ կապված մի դիտարկում ևս ունեմ. երբ հանձնարարում ես սովորողին՝ այ օրինակ  հենց այսօր այդպիսի մի դեպք ունեցա առցանց պարապմունքի ժամանակ. երբ քննարկում էինք ընտանեկան դպրոցի ընթացքում ինչ կարելի է ներկայացնել, երբ ես իրենց ուղղակի բացատրեցի, որ  կարելի է մի զրույց ներկայացնել, ուղղակի, երբ հայրիկի, մայրիկի հետ օրվա վերջում ամփոփում եք ձեր օրը, ամեն մեկդ պատմում եք ձեր արած-չարածի, ձեռքբերումի և անհաջողության մասին, օրվա տրամադրություններն եք քննարկում, դա կարող է լինել ընտանեկան դպրոցի շատ սիրուն օրինակ ։ Երեխաներ կային, որ  նույնիսկ անակնկալի եկան՝  ո՞նց, դա դպրո՞ց է․․․ու էդտեղ հասկանում ես, որ ընտանիք-սովորող հարաբերություններում այդ կրթվելու հատվածը բաց է թողնված։ Սովորողը հիմնական կրթությունը ստանում  է ընտանիքում, և հարցն այն է, որ ինքը չի հասկանում, որ կրթվում է հենց ընտանիքում. նույնն էլ ընտանիքի անդամները չեն հասկանում, որ էդ զրույցով կրթում են իրենց երեխային։ Հիմա ես իմ առջև խնդիր եմ դրել, որ ընտանեկան դպրոցը պետք  է նեղացնեմ, կոնկրետացնեմ, այ՝  «Ընտանեկան զրույց» կետ ավելացնեմ՝   էս շաբաթ ի՞նչ ենք խոսել ընտանիքի անդամներով, էդ զրույցից ի՞նչ եմ վերցրել, ի՞նչ եմ ես փոխանցել մյուս զրուցակցիս։ Երեխաների համար դա բացահայտում էր, որ էդ զրույցը կարելի է համարել ընտանեկան դպրոց։ Նրանք նոր սկսեցին հասկանալ, որ մայրիկ, հայրիկների հետ զրույցները շատ կարևոր են իրենց կյանքում, պետք է շատ ուշադիր լինել այդ զրույցների հանդեպ։ Առցանց ռեժիմից՝ որպես կարևոր բացահայտում, ես սա կնշեի։ Հուսով եմ, որ ֆիզիկական միջավայր վերադառնալուց  ես այս նախագիծը կդարձնեմ շարունակական, չեմ թողնի, որ իրենց ուշադրությունը շեղեն ընտանեկան զրույցներից ու կուզենամ, որ շատ ուշադիր լինեն իրենց ընտանիքի անդամների հանդեպ բոլոր առումներով: Հեղինակային մանկավարժություն ես նաև սա եմ հասկանում…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s