Հարթակում ուսուցիչն է․ Լուսինե Փաշայան

 

66706945_2519531771404546_8329873012262174720_oԴպիր TV

 

Ողջույն: Ես Լուսինե Փաշայանն եմ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատում եմ որպես դասվար, այս տարի 1-ին դասարան ունեմ և միաժամանակ համակարգում եմ «Իմացումի հրճվանք»  լաբորատորիայի աշխատանքները։
Կրթահամալիրի առանձնահատկություններից մեկը, որ ընկած է կրթահամալիրում իրականացվող մանկավարժության հիմքում,  անհատի նկատմամբ հարգալից վերաբերմունքն է, մեծագույն սերն է և այն մանկավարժությունը, որը պիտի օգնի, որ յուրաքանչյուր անհատ դրսևորվի, բացահայտի իր ուժեղ կողմերը, զարգացնի դրանք , գտնի իրենը կյանքում և սովորի զբաղվել այն աշխատանքով, ինչը իրեն հետաքրքիր է, որովհետև միայն այս դեպքում մարդը կհաջողի։ Էդ իմաստով  կրթահամալիրի մոտեցումը ոչ միայն  սովորողների նկատմամբ է  այդպիսին, այլ նաև  յուրաքանչյուր ուսուցչի, որին հնարավորություն է տրվում ստեղծել իր անհատական հեղինակային ծրագիրը, որոշել, թե ինչպես է ինքը աշխատում  դասարանում,  յուրաքանչյուր սովորողի դեպքում ինչ մեթոդ  է կիրառում, և դա բացարձակ չի նշանակում, որ դասավանդողը կարող է անել այն, ինչ ուզում է։
Կրթական հաստատությունները, ինչ խոսք, պատրաստ չէին էս տեսակ արտակարգ իրավիճակի, և ուսուցիչները պատրաստ չէին հեռավար-առցանց ուսուցում կազմակերպելուն, քանի որ չունեին այդ փորձը և չունեին այդ գործիքները, չնայած նրան, որ յուրաքանչյուրի տանը թվային գործիքները և մեդիան հասանելի է. էդ ամենը դարձնել ուսումնական գործիք՝ չկար  ահա էդ փորձը։ Եվ առաջին շաբաթների ընթացքում խուճապն ակնհայտ էր, մինչև ուսուցիչները յուրացրին գործիքներ հեռավար-առցանց  ուսուցում կազմակերպելու  համար։Էստեղ խնդիրն այն է, որ հանրակրթական ուսումնական հաստատությունների դեպքում, երբ հետևում ես առցանց ուսուցման պարապմունքներին, բացի մեր հանրային դասերից, կան նաև շատ ուսուցիչներ, որ ուղղակի իրենց պարապմունքները հրապարակում են, և դա արդեն մեծ ձեռքբերում է, երբ դու տեսնում ես մարդիկ, որ այս կարճ ժամանակահատվածում կարողացան յուրացնել գործիքները և չեն հրաժարվում   իրենց աշխատանքից , փորձում են շարունակել աշխատանքը, հատկապես, երբ դա երեխաների հետ է կապված։ Ինչն է էստեղ հետաքրքիր, որ մոտեցումը ուսումնական գործի կազմակերպմանը, ըստ էության  էդքան էլ չփոխվեց , ուղղակի փոփոխությունը կայացավ նրանում, որ ուսուցչի էկրանը այս կողմում է, իսկ սովորողները՝ մյուս, բայց ընդհանուր կազմակերպման մեջ  իրականում այդքան էլ բան չի փոխվել։
 Կրթահամալիրում խուճապը մեզ չհասավ, որովհետև առցանց-հեռավար ուսուցման կազմակերպման փորձն ունեինք, վաղուց էինք իրականացնում այդպիսի ուսուցում, ունենք գործիքները, դրանք են մեր ուսումնական բլոգները, մեր էլեկտրոնային փոստն իր ողջ գործիքաշարով , և մենք մեր առջև ուրիշ խնդիր դրեցինք , և հիմա էլ այդ խնդիրը կա՝ ամեն օր փորձում ենք քիչ-քիչ առաջ գնալ: Դա այն է, որ առցանց ուսուցման կազմակերպման դեպքում պիտի փոխվի ուսումնական գործընթացի էդ ամբողջ համակարգը, որովհետև հիմա սովորողը տանն է, ընտանիքի կողքին է, ընտանիքն է իր կողքին և չի կարող ուսումնական գործի կազմակերպմանը ներկայացվել նույն պահանջները, ինչը՝ առկա ուսուցման դեպքում։  Օրինակ՝ հիմա մենք  կենտրոնացել ենք ընտանեկան նախագծերի վրա, փորձում ենք կազմել այնպիսի նախագծեր, որոնք հենց ուղղված են ընտանիքին, տնային ուսուցման կազմակերպմանը, քանի որ ինչքան էլ ուսուցիչը հիմա առցանց փորձում է երեխաների հետ աշխատել, բայց փաստը նա է, որ երեխան տանն է, կողքին ծնողն է գրեթե օրվա մեծ մասը, և նրա ուսուցիչը հենց նա է դառնում, իսկ ուսուցչի դեր էստեղ փոխվում է, և ուսւոցիչը դառնում է ընտանիքի, ծնողի խորհրդատուն ուսուցման գործի կազմակերպման հարցում։
Էդ իմաստով փոքրիկ-փոքրիկ քայլեր ենք ուզում անել, որպեսզի ընտանիքը կարողանա հնարավորինս ներգրավվել  ուսումնական գործընթացում, օգնել երեխային: Այստեղ շատ հետաքրքիր դիտարկումներ ենք անում, հատկապես դասվարական խումբը, որ սովորողների հետ շփվելիս, անընդհատ շփվում է իրենց ծնողների հետ։ Մի կարևոր խնդիր, որ  կրթահամալիրը միշտ  իր առջև դրել է և հիմա էլ այդ մոտեցումը շարունակում է պահպանել. կրթահամալիրում միշտ շեշտվում է, որ կրթության պատվիրատուն ծնողն է, այսինքն՝ ծնողը պետք է ձևակերպի իր պատվերը, թե ինչ կրթություն է ինքն ուզում իր երեխայի համար, և հիմա ամենահարմար փուլն է , որ ծնողը՝ որպես ուսուցիչ , որպես կրթության գործի կազմակերպիչ,  նոր՝ փորձագետի  հայացքով  դիտի այդ գործընթացը։ Ծնողը փորձի ձևակերպել՝ ինչ պատվեր է տալիս կրթությանը, որովհետև այլ բան է, երբ ինքը կողքից է դիտում ուսումնական գործընթացը, երբ երեխային ուղարկում է դպրոց, հետո դիմավորում է, ինչ-որ բաներ ստուգում , ունենում որոշակի կարծիք, երբեմն՝ օբյեկտիվ, երբեմն՝ սուբյեկտիվ, և հիմա ինքը ուսումնական գործի հիմնական պատասխանատուն է դառնում տանը: Մենք հույս ունենք, որ այս ընթացքում ծնողների վերաբերմունքը կրթության գործի նկատմամբ  փոխվելու է, նրանք դառնալու են իրական պատվիրատուներ, ավելի հստակ են ձևակերպելու իրենց պատվերը, որովհետև հիմա իրենք տանը ունեն երեխաներ, որոնց հետ ողջ օրն են անցկացնում: Նրանք տեսնում են ուսուցման դժվարությունները, նրանք ավելի լավ են ծանոթանում կրթության բովանդակությանը և շատ լավ պիտի օգտագործեն այս ժամանակահատվածը, որպեսզի իրենք կարողանան հետ օգնել դպրոցին՝ վերաձևակերպելու կրթության բովանդակությունը։
Այս փուլում «Իմացումի հրճվանք» լաբորատորիան կենտրոնացած է կրթության կազմակերպման բովանդակության վրա։ Մենք գիտակցում ենք` փոխվել է կրթական միջավայրը, դասասենյակը երեխայի համար դարձել է իր բնակարանը, դասընկերները՝ իր քույրերն ու եղբայրները, ուսուցիչներն էլ՝ իր ծնողները։ Փոխվել է մեր դերը, մենք դարձել ենք  խորհրդատու սովորողների և նրանց ծնողների համար: Որքան էլ  մենք տեսազանգերի և հեռավար ուսուցման օգնությամբ փորձենք կազմակերպել ուսումնական գործընթացը , միևնույն է, հիմնական բեռը , ծանրությունն ու պատասխանատվությունն այս փուլում ընկած է ծնողի ուսերին, և մենք պետք է կարողանանք օգնել ծնողին այս դժվարին գործի կազմակերպման հարցում։  Այս վերջին ժամանակահատվածում մենք կարծիքներ ենք լսում ծնողներից, որ հիմա են հասկանում՝ ինչ դժվար է ուսուցչի աշխատանքը: Երևի այդ փուլն էլ էր պետք , որ էսպես ստացվեր՝ ավելի գնահատելու, կարևորելու ուսուցչի աշխատանքը։
Կրթահամալիրի առանձնահատկություններից  և հեղինակային ծրագրի կարևորագույն կետերից մեկն այն է, որ կրթահամալիրը անընդհատ փորձում է ստեղծել միջավայր, որտեղ սովորողը կցանականա սովորել, որն այնքան հետաքրքիր կլինի իր բազմազանությամբ, որ յուրաքանչյուր սովորող էնտեղ կգտնի իրեն հետաքրքրող մի բան , ինչն էլ կդրդի նրան սովորել:  Դրա կարևորագույն պայմանը հնարավորինս բնական միջավայր ստեղծելն   է ապրելու համար, որովհետև  ապրելու ընթացքում ավելի շատ բան ես սովորում, քան օրինակ՝ դասասենյակում, չորս պատի մեջ նստած: Դա փաստ  է։ Այդ իմաստով, քանի որ երեխաները տանն են, իրենց հարազատ,  սիրելի միջավայրում, իրենց սենյակում, գրքերի, խաղալիքների, սիրելի մարդկանց հետ, երևի ամենաբնական միջավայրն է, որ երեխան պիտի ցանկանա շատ սովորել: Նաև այս ժամանակահատվածը , որը հիմա համընկնում է Սուրբ Հարության տոնի, ապրիլի 7-ի հետ,  և որ ընտանիքների մեծամասնությունը նշում և կարևորում են, նախապատրաստվում այդ տոներին, պետք է օգտագործել՝ դարձնելով ուսումնական։
Կրթահամալիրում այս պահին ապրիլյան օրացույցով որոշված նախագծերն են Զատիկը և Ձոն տեխնոլոգիական ստուգատեսը. երկուսն էլ ուղղված են նշված տոներին, և հիմա մեր նախագծերը ծնողներին, ընտանիքներին ուղղորդում, օգնում են այնպիսի մի կազմակերպում, որը կներգրավի ընտանիքի բոլոր անդամներին, և   նախապատրաստությունն այդ տոներին նաև կօգնի  սովորողներին սովորել։
Չնայած  նրան, որ կրթահամալիրը պատրաստ էր հեռավար-առցանց ուսուցման , չնայած, որ մենք ունեինք բոլոր այդ գործիքները, բայց էդպես երկարաժամկետ հեռավար ուսուցման կազմակերպումը մեր համար էլ էր նոր։ Եվ մենք ինքներս մեզ համար դրեցինք խնդիրներ ու  փորձեցինք յուրացնել նոր գործիքներ, որպեսզի ավելի հեշտ կազմակերպենք առցանց ուսուցում, օգնենք ծնողներին, որպեսզի մեր համագործակցությունն ավելի լավ լինի՝  օգնել  ծնողներին՝ կազմակերպել տանը երեխաների ժամանցը, այն դառնա հնարավորինս ուսումնական և հետաքրքիր: Էդ կազմակերպման մեջ մի շատ հետաքրքիր ու կարևոր բան է տեղի ունեում, որովհետև ծնողները սկսում են ավելի լավ ծանոթանալ կրթահամալիրի մանկավարժական մոտեցումներին, մեթոդաբանությանը, ծրագրերին, դառնում են ծրագիր կրողը, որովհետև իրենք մասնակցում են էս ողջ ընթացքին, և ինչն է հետաքրքիր՝ սկսում են ծնողներն էլ սովորել ։ Շատ ծնողներ ցուցադրում են, իրենք վերադառնում մանկություն, և կարծես լրացնում են այն բացը, որ իրենց դպրոցական տարիներին ունեցել են: Նրանց մեծամասնությունը հաստատ չի ունեցել այն բուռն, հետաքրքիր, բազմազան ուսումնական միջավայրը, որտեղ սովորում են իրենց երեխաները։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s