Հարթակում ուսուցիչն է․ Յուրա Գանջալյան

48376075_222411245324362_373187337527492608_o

 

Բարև Ձեզ։ Ես Յուրա Գանջալյանն եմ, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում արդեն երեսուն տարի դասավանդում եմ անգլերեն։

Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել հանրապետությունում և ամբողջ աշխարհում, մարդիկ ստիպված տանն են և չեն աշխատում, շատ երկրներում դադարեցվել են աշխատանքները։ Չնայած այս ամենին, այստեղ մի բան կա՝ շատ կարևոր: Դա մեր երեխաների կրթության շարունակականությունն է, որ չպետք է դադարեցնել, որը հիմա պետք է կազմակերպել տանը։ Աշխարհի տարբեր երկրներում հիմա այն կարծիքն է, որ այդ կրթությունը պետք է կազմակերպվի առցանց կամ հեռավար, և երկու իրարամերժ կարծիքներ են հնչում՝ արդյոք պետք է այդ կրթությունը կազմակերպել առցա՞նց, թե՞ հեռավար. մեծ տարբերություն կա դրանց միջև։

Առցանց կրթությունը օնլայն, տարբեր տեսակի համակարգչային ծրագրերով կազմակերպվող ուսուցումն է։ Ինչ-որ մի նշանակված ժամի, ինչ-որ մի առարկայի գծով ուսուցիչը առցանց դաս է կազմակերպում, և իր դասարանի աշակերտները նշված ժամին, տանը, համակարգիչների առաջ նստած մասնակցում են դասին։ Բայց դա առկա ուսուցման շատ վատ կրկնությունն է։ Ինչո՞ւ է վատ, որովհետև ընդունված առկա ուսուցման ժամանակ մեծ մասամբ ուսուցիչների կողմից այսպիսի հարց է տրվում․
– Ո՞վ կարող է ասել, կամ որևէ մեկը կարո՞ղ է պատասխանել այս հարցին։
Ու սովորաբար միշտ նույն ձեռքերն են բարձրանում։ Երկու, երեք, չորս շատ արագ մտածող սովորողներ բարձրացնում են իրենց ձեռքերը և պատասխանում են այդ հարցերին, իսկ դասարանի մոտ ութսուն տոկոսը լուռ է մնում, մինչև որ ուսուցիչը հատկապես իրեն է հարցնում, բայց արդեն ստեղծվել, ձևավորվել է լուռ մնալու հոգեբանությունը, իր համար շատ դժվար է արտահայտվել։

Դա առկա ուսուցման դժվարություններից մեկն է, որը մեծապես խանգարում է հասնել մանկավարժության գերխնդրին։ Յուրաքանչյուր մանկավարժ գիտի, որ մանակավարժության գերխնդիրը ցանկացած երեխայի, դեռահասի, պատանու ներուժը բացահայտելն է, իսկ այդ ներուժը չի կարող բացահայտվել այդ պայմաններում, երբ որ անընդհատ նախապատվություն է տրվում արագ մտածող այն չորս-հինգ երեխաներին։ Երբ ուսուցիչն այնպիսի հարցեր է տալիս ու ստեղծում այնպիսի միջավայր, որ շահում է արագ մտածող երեխան։ Իսկ մյուսնե՞րը, որ չեն կարողանում արագ մտածել, ում, ենթադրենք, թվացյալ ակադեմիական ընդունակությունները քիչ են։ Միգուցե նրանք շատ ավելի մեծ արդյունքի կհասնեին, եթե նրանց ժամանակ տրվեր։

Ահա Փենսիլվանիա նահանգի երկու ուսուցիչ փորձարկումներ են արել իրենց դասարաններում՝ երբեք նման հարցեր չտալու դասարանում, թե ով կարող է պատասխանել… Նրանք հարցը գրում են գրատախտակին, կամ, ինչպես կրթահամալիրում է ընդունված՝ համակարգչում ենք մուտքագրում հարցը, և այդ սովորողները ազատ են, հանգիստ մտածում են։ Մեկը կարող է առաջին երեք րոպեների ընթացքում պատասխանել, մյուսները՝ ավելի ուշ, բայց բոլորի կարծիքները գրվում են, բոլորը գրում են, իրենց պատասխանները: Չէ՞ որ յուրաքանչյուր սովորողի մտածելու արագությունը տարբեր է, և պետք չէ այնպիսի իրավիճակ ստեղծել, որ միշտ շահեկան լինի այդ արագ մտածողը: Ո՚չ , միգուցե դանդաղ մտածողը ավելի լավ մտքեր փոխանցի, եթե իրեն ժամանակ տրվի։ Հիմա այդ հեռավար կրթությունը տալիս է այդ հնարավորությունը։ Դարեր շարունակ մանկավարժության գերխնդիրը, երեխայի, դեռահասի, պատանու ներուժի բացահայտումը դրված է եղել դպրոցի ուսերին։ Դա սխալ է։ Ժամանակակից ընտանիքներում ծնողները առավոտից աշխատում են և գալիս են այն ժամանակ, երբ պետք է ընթրել ու քնել։ Ժամանակ չկա երեխաների հետ զբաղվելու։

Հիմա այնպիսի մի իրավիճակ է ստեղծվել, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով բոլորը տանն են, և ահա ստեղծվել է մի բացառիկ հնարավորություն, որ ծնողները մասնակցեն իրենց երեխայի՝ իրենց ամենաթանկ էակի ներուժի բացահայտմանը։ Եվ այդ հնարավորությունը տալիս է կորոնավիրուսը. չկա չարիք, առանց բարիքի։ Հիմա յուրաքանչյուր ծնող ունի հնարավորություն զբաղվելու իր երեխայով։ Եվ ահա մեր կրթահամալիրում ընտանեկան նախագծերի մի մեծ շարժում է սկսվել տարբեր առարկաներից: Այնպիսի առաջադրանքներն են փոխանցվում, որ ծնողն ու սովորողը միասին կրթությամբ են զբաղված: Եթե գրականություն է, միասին ընթերցում են, խոսում, քննարկում, իսկ հետո, երբ սովորողին հարմար է, արդեն քննարկումներից հետո կատարում է առաջադրանքները։

Այսօրվա մեծ թվով ծնողներ, որոնք ունեն դպրոցահասակ երեխաներ, իրենք 90-ականների դպրոցականներն են։ Հենց այդ շրջանում սկսվեցին նաև օտար լեզվով, տվյալ դեպքում՝ անգլերենով ընդունելության քննությունները, ինչպես նաև օտար լեզուների կարևորումը։ Եվ հիմա այնպես է ստացվել, որ ծնողների մեծ մասը տիրապետում է օտար լեզուների և կարող է երեխաների հետ իրենց ընտանիքում տարբեր կրթական հաղորդակցական թեմաներով, տարբեր զրույցներ վարել, ասենք՝ հենց անգլերենով։ Այդ սցենարները կարող է ուսուցիչը կազմել։ Ենթադրենք դպրոց-պարտեզի, կրտսեր դպրոցի սովորողի համար ուսուցիչը կարող է գրել սցենարը  անգլերեն, և անպայման չէ, որ դասագրքի որևէ տեքստ հանձնարարվի սովորողին պատմել։ Մեր դասավանդողները երբեք էդպես չեն անում, առաջադրանքների մեծ մասը ավելի ստեղծագործական են տրվում, իսկ էդ ստեղծագործականը՝ կարծիք արտահայտել, իրարամերժ բանավեճեր անելն է։

Ես սկսեցի կրթական առաջին աստիճանից, կրտսեր դպրոցից, երբ տարբեր ընտանեկան նախագծեր են հիմա իրականացնում՝ ներգրավելով ծնողներին: Նույնն է նաև Միջին դպրոցում, եթե նայեք մեր mskh.am կայքը, կտեսնեք որքան կենդանի է այն տարբեր ընտանեկան նախագծերով, ինչպես են ծնողները մասնակցում իրենց երեխաների կրթությանը։

Երկար ժամանակ այսպիսի հնարավորություն չի եղել, որ ծնողը օրեր շարունակ, կարող է մեկ ամիս շարունակ խոսի, շփվի իր երեխայի հետ: Դա մեծ առավելություն է տալիս երեխայի զարգացմանը, քանի որ ծնողի խոսքը, վարքը, վերաբերմունքը վարակիչ է երեխայի համար։ Դրա համար ընտանեկան նախագծերը շատ են կարևորվում:

Վերջերս Ամերիկայի Կանզաս նահանգում Թոմաս Թոտչը և Բրեդ Ռաֆբերգերը ուսումնասիրություն են արել, թե ինչպես կարելի է շարունակել կրթությունը տանը։ Նրանք նույնպես դեմ են, որ տանը կրթությունը անցնի օնլայն՝ առցանց։ Նրանք հակված են հեռավար ուսուցմանը՝ ոչ շատ բարդ առաջադրանքներով, քանի որ առանց այդ էլ լարված դրություն է։

Շատ ուսուցիչներ տարբեր երկրներում, օրինակ՝ Ամերիկայում, մի քիչ հանգստացել են այն առումով, որ մինչև համավարակը իրենց անընդհատ ստիպում էին պատրաստել իրենց սովորողներին՝ ինչ-որ մի ժամանակ քննություններ հանձնելուն։ Հիմա իրենք հանգիստ են, իրենք խոստովանում են։ Շատ ու շատ անգլիալեզու ամսագրերում կարդում եմ, որ հիմա ավելի հանգիստ ու ավելի իրական կրթություն է կազմակերպվում։ Ես նույնպես այդ կարծիքին եմ, որ մենք պետք է օգտվենք այս առիթից, այս հնարավորությունից ու իրապես զբաղվենք մեր երեխաների կրթությամբ, որ դասավանդողները, ծնողները միասին համագործակցելով՝ կարողանան բացահայտել իրենց երեխաների, իրենց սովորողների ներուժը, որը շատ կարևոր է իրենց ապագա կյանքի համար։

Սա էի ուզում ասել․․․
Շնորհակալություն:

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s