Հարթակում ուսուցիչն է․ Գևորգ Հակոբյան

Մեր կամքից անկախ՝ կորոնավիրուսը կարող է և կրթական գործի լրիվ նոր կազմակերպում պարտադրել։ Հարցը հետևյալն է. հիմա բոլորը խոսում են, ասում՝ հեռավար ուսուցում, հեռավար դպրոց, բայց ոչ ոք չի ասում՝ հեռավար ուսումնառություն, քանի որ ի վերջո դա անհատի գործն է։ Կրթական իրավունքը, կրթություն ստանալու իրավունքը՝ աստվածատուր իրավունք է, դա ոչ մի պետության սահմանադրությամբ չի տրված, ինչպես ազատության իրավունքը։

Եվ մարդ պետք է իրացնի այդ իրավունքը։ Բոլոր պետությունների կրթական համակարգերը, այդ թվում՝ նաև մեր մարդուն, սովորողին պարտադրում են, թե՝ սա է քո կրթական իրավունքը. բայց դա այդպես չէ։

Հիմա եկել է մի պահ, որ պետական կրթական համակարգը կաթվածահար է եղել։ Կասեն՝ տեսեք, հեռավար դասեր ենք անում, նախարարը դասացուցակ կկարդա, ծնողական ժողով կանի՝ որպես ուսմասվար. դա ոչ մի կապ չունի կրթության հետ։ Եկել է պահը, որ անհատը հանդիպել է իր կրթական պատվերին, ինքը իր կրթական պատվերի հետ է։ Կրթական իսկական պրոցեսի օբյեկտը եկել հասել է իր իրականացմանը։ Եթե սովորողը, երեխան իր ընտանիքի հետ ունի արդեն իր ձևակերպած պատվերը, դա հրաշալի է, հիմա էն պահն է, որ կարող է իրականացնել այդ պատվերը։ Դաս, դասախոսություն, դպրոց. այդ ձևակերպումները, բառերը սովորողներին, և ոչ միայն նրանց, ձանձրացրել են, զզվացրել են։ Բայց տեսեք՝ ի՞նչ է կատարվում, շարունակում են դասեր տալայսինչ մասնագետը դասախոսություն է կարդում ֆիզիկայից․․․ Այդ մարդը ինչպես ֆիզիկական միջավայրում պետք է կանգներ դասախոսություն կարդար, այնպես էլ հիմա՝ տեսակապով. և դա համարում են մի ուրիշ որակ, հեռավար ուսուցում։  Դա ոչ մի կապ չունի հեռավար ուսուցման հետ։

Հեռավար ուսուցումը մի քանի բնորոշ հատկություն ունի, որ միշտ պետք է հիշել։

  • Առաջին՝ մարդը սովորում է այն, ինչ ինքը ուզում է.
  • երկրորդ՝ սովորում է այն պայմաններում, որում ինքն է ուզում,
  • և երրորդ՝ սովորում է այն ժամանակ, երբ ինքն է ուզում։

Եթե այդ պայմաններն ապահովված չեն, ապա դա հեռավար ուսուցում չէ։ Հեռավար ուսուցումը պետք է վերը նշված պայմաններին համապատասխանի։

Հիմա մեզանից, ընտանիքներից անկախ՝ սովորողները հայտնվել են տներում․ տանից դուրս չեն թողնում։ Եթե բախտները բերում է՝ սեփական տուն է, բակ ունի, լավ է, իսկ եթե բազմաբնակարաններում են, պատկերացրեք երեխայի վիճակը՝ չորս պատի մեջ ձերբակալված, բռնված կամ բանտարկված երեխայի հոգեբանական վիճակը, ու դրա հետ․․․ չէ, դու ֆիզիկայի դասը անես, մաթեմատիկան անես․․․ Դե, պատկերացրեք երեխայի վիճակը ինչ կլինի։ Այստեղ է, որ ընտանիքը պետք է փորձի վերադառնալ իր իսկական իմաստին՝ կրթության հարցում օգնելու իր երեխային, ոչ թե իր հերթին ուսուցիչ դառնա։ Էստեղ է, որ ծնողը և սովորողը պետք է փորձեն միահամուռ հասկանալ իրար և ապահովել երեխայի համար ամենալավ պայմանները, որը նպաստավոր կլինի երեխայի ունեցածը զարգացնելու համար։ Կրթության ապահովման հիմնական նպատակը երեխայի ունեցածը զարգացնելուն է ուղղված։

Հիմա մենք իրականում հակառակն ենք անում. ճնշում ենք երեխայի ունեցածը։ Բայց միգուցե պայմանները պիտի այնպիսին դառնան, որ երեխան կարողանա զարգացնել իր ունեցածը։ Իսկ ծնողը մի ֆունկցիա ունի՝ չխանգարել երեխային, չստիպի, չպարտադրի նրան, ինչպես դպրոցը, ինչպես ուսուցիչը, ինքը ընդհակառակը՝ պետք է կանգնի իր երեխայի կողքին, օգնի, նպաստի։ Այ, դա՛ կլինի մեր կրթական ծրագրի ծնողական համայնքի իսկական աշխատանքը։ Կարող են շա՜տ տարբեր նախագծեր իրականացնել՝ հայր և որդի, մայր ու աղջիկ, ընտանիքով ամբողջական, դրանք կարող են լինել ամենատարբեր ճամփորդություններ, կինոդիտումներ, երաժշտության ունկնդրումներ, ամեն ինչ կարող է լինել․․․ Իմ ասածը հետևյալն է, որ վիճակից պետք է օգուտ քաղել և կենտրոնում տեսնել երեխային, ի՞նչ է ուզում երեխան, երբեք մեր պատկերացրածը, մեր ցանկությունը չպետք է պարտադրենք, փաթաթենք երեխային․․․ Ծնողներ կան, որ իրենց մանկության հուշերը, չկատարված, չստացված ցանկությունները փոխանցում են երեխային․․․ Ես չկարողացա, բայց որդիս թող անի․․․ Չէ, այդ գաղափարը պետք է դեն նետել։

Երեխային պետք է մոտենալ՝ ինչպես ինքն է, կազմել գեղեցիկ նախագծեր, քանի որ այն շրջանում ենք, որ շատ ծնողներ տանն են։ Մեկ է, ծնողը պետք է առաջին պլան մղի երեխայի կրթական իրավունքը. կրթություն ստանալու իրավունքը ապահովելը նրա համար ինքնակրթության պայմաններ ապահովելն է։ Դա ծնողի միակ գործն է։ Չկա ուրիշ կրթություն, բացի ինքնակրթությունից։

Տեսեք մեր հանրակրթության մասին օրենքում՝ հոդված 5-ում, որտեղ ձևակերպված են պետական քաղաքականության հիմնական սկզբունքները, կա մի կետ, որին ոչ ոք ուշադրություն չի դարձնում. դա սովորողի ստեղծագործական կարողությունների, տրամաբանական, քննադատական մտածողության զարգացմանը, գիտելիքների ինքնուրույն ձեռքբերմանը և տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտվելու կարողությունների զարգացման առաջնահերթություններին է վերաբերում: Այսպես է ձևակերպված մոտավորապես այդ կետը։ Սա պետք է լիներ այն բուն բովանդակությունը, որ պիտի լիներ դպրոցի հենքում։ Եթե սա բավարարված լիներ, հիմա մեր սովորողը հանրապետությունով մեկ ոչ մի բանի կարիք էլ չէր ունենա։

Սովորողը ստեղծագործական է, նրան պետք էր հնարավորություն տալ ստեղծագործելու, ինքը ինքնակրթվելու կարողություններ ունի, հանգիստ կկրթվի օտար լեզվով, սեփական մայրենիով, ինտերնետը կա, տեղեկությունը կա, միշտ կարող է գտնել այն տեղեկությունը, որն իրեն պետք է, ինքը կարողանում է արտահայտվել, այսինքն՝ ոչ միայն ինֆորմացիան վերցնել, այլ նաև մատուցել ուրիշներին։ Այս պարագայում սովորողը հանգիստ, լիարժեք իր համար կապրեր։ Բայց այդ կարևոր սկզբունքները, որ մեր օրենքներում գրված են, չգիտես ինչու՝ մեր դպրոցները չեն ապահովում, և հանկարծ այսպիսի վիճակում են հայտնվում, շվարում։

Սա միայն այսօրվա դպրոցին չի վերաբերում. այդպես եղել է միշտ, այդպես էլ կա, այդպես էլ, չգիտես ինչու, ուզում են շարունակել։ Բայց կարծում եմ, որ էս արանքում ամեն դեպքում կօգնենք մեր ծնողներին, մեր գործը պետք է դա լինի, օգնել մեր ծնողներին այդպիսի նախագծեր մշակել։ Որովհետև ծնողը երկնքից այդպիսի նախագծեր չի վերցնելու, նրան պետք է օգնություն՝ ոնց կարողանա իր երեխայի համար զբաղմունք գտնել, մշակել այդպիսի նախագծեր։

Ես օրինակ հակված եմ այսպիսի մոտեցման, որը շատ ընդունելի չէ, բայց․․․ Թող ինքը՝ սովորողն առաջարկի։ Գուցե ես մի քիչ ծայրահեղական բան եմ ասում, բայց, եթե ինքը առաջարկում է ինչ-որ ցանկություն, դրա հետևից գնալը արդեն շատ հեշտ է, իսկ երբ ծնողն է առաջարկում, դա մեկ է արդեն իր մեջ պարտադրանքի տարրեր է պարունակում։ Ես միշտ ասում եմ մեր դասվարներին, դաստիարակներին՝ այն խաղերը, որ երեխաներն են խաղում՝ ուրիշ խաղ է, այն խաղը, որ դաստիարակներն ու դասվարներն են կազմակերպում, դա ուրիշ խաղ է. դրանք ոչ մի կապ չունեն իրար հետ, երկրորդը ես նույնիսկ խաղ չեմ էլ կոչի։ Դա ես պարտադրանք եմ անվանում, որովհետև դա երեխայի բնույթից եկող, իր միջից սպոնտան ծնվող խաղը չէ։ Նայեք կողքից՝ նրանք ինչպիսի խաղեր են կազմակերպում, ինչնքան հեշտ են անում դա։ Հիմա եթե ծնողները կարողանան իրենց մեջ ուժ գտնել երեխաներին չպարտադրելու…

Երեխան չի կարող պարապ մնալ։ Մարդը երբ ծնվում է, արդեն իրեն տրված է զարգանալու սկզբունքը, ինքը պարտավոր է զարգանալ. եթե խոչընդոտեք էլ, մեկ է զարգանալու է։ Երեխային, եթե չխանգարես, մեկ է ինքը գտնելու է ինչ-որ բան անելու։ Ուրիշ բան, որ էդ իր գտածը կարող է ծնողի սրտով չլինել, որովհետև նրանից այլ սպասելիքներ ուներ, բայց մեկ է, կարող է նրանը հենց այդ պահին դա է։ Դա կարող է լինել ամենասովորական համակարգչային խաղը։ Ես, օրինակ, այլ կերպ եմ նայում դրան. չնայած բոլոր ծնողները էդպես դեմ են, բողոքում են, ես հանգիստ եմ նայում դրան։ Եթե մարդը ուզում է խաղալ, պետք է խաղա, մեզ, օրինակ, ոչ ոք մինչև գիշեր չէր կարողանում փողոցից տուն բերել, մեր խաղերն էլ առաջ դրանք էին։ Հիմա խաղերը սրանք են, իրենք խաղալու կարիք ունեն և խաղում են։ Եվ այնպես չէ, որ այդ խաղերը վատ խաղեր են, հեշտ են. թող ծնողները փորձեն՝ իրենք կարողանո՞ւմ են խաղալ։ Փոխանակ իրենք փորձեն ներթափանցել սովորողների՝ իրենց երեխաների աշխարհը, արգելում են հեռախոսից օգտվել, արգելում են հեռուստացույց նայել․․․

Որպես կրթահամալիր, որպես սովորողների կրթական իրավունքի պաշտպան, պետք է ծնողներին ուղղություն տալ, թե իրենք ինչպես իրենց երեխաների համար ստեղծեն նախագիծ, ոչ թե մենք անենք մի նախագիծ, որ բոլոր սովորողների համար պարտադիր է, այլ ծնողը կարողանա մշակել իր երեխայի սրտին հաճո նախագիծ։ Դա կարող է լինել ամենատարբեր բովանդակության և ձևի՝ սկսած ձեռքով նկարելուց, վերջացրած բանաստեղծություն գրելով, երաժշտություն ստեղծելով։ Պետք է շեշտը դնել երեխայի ցանկության վրա, ամեն ծնող պետք է շատ թանկ գնահատի իր երեխայի կրթական իրավունքը, երբեք չխառնի իր ցանկությունների հետ, երեխան ազատ է իր կրթական իրավունքում և ազատ է իր ընտրությունների մեջ։ Ծնողը ընդամենը պետք է լինի օգնական, իսկ մենք պետք է օգնենք ծնողին, որ լինի օգնական իր երեխային։ Դրանով մենք նպաստած կլինենք մեր յուրաքանչյուր սովորողի կրթական իրավունքի իրացմանը։

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s